Skip to main content

ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտին շնորհվել է 2,4 մլն եվրո չափով հնգամյա ERA Chair դրամաշնորհ՝ Եվրոպական միության հետազոտությունների և նորարարության ֆինանսավորման հիմնական նախաձեռնության՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում։

Ֆիզիոլոգիայի ինստիտուտին սպասվում են զգալի վերափոխումներ  «Հորիզոն Եվրոպա» ERA Chair ծրագրի շրջանակներում: 2022-ից 2027 թվականների համար նախանշված այս նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել ինստիտուտի հետազոտական դինամիկան՝ այն հասցնելով նորարարության և համաշխարհային ազդեցության նոր մակարդակի:

Ծրագրի հաջողության մեջ իր զգալի ավանդն ունի ERA ամբիոնի վարիչ, կենսաֆիզիկոս Նարինե Սարվազյանը, ով Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բժշկության և առողջապահական գիտությունների դպրոցի պրոֆեսոր է: Շուրջ երեք տասնամյա գործունեության ընթացքում պրոֆեսոր Սարվազյանը նշանակալի ներդրում է ունեցել սրտի ֆիզիոլոգիայի ոլորտում:

Ամբիոնի վարիչի անմիջական ղեկավարությամբ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պատրաստվում է մի շարք առանցքային փոփոխությունների, որոնք ներառում են՝

  • կենսապատկերավորման տարածաշրջանային հետազոտական ​​կենտրոնի ստեղծում,
  • վիրաբուժական թիրախների հիպերսպեկտրալ պատկերավորման նոր լաբորատորիայի ստեղծում,
  • հյուսվածքային ինժեներիայի ոլորտում ժամանակակից հետազոտական նախագծերի օժանդակություն,
  • իստիտուտի հետազոտական ​​միջավայրի բարելավում՝ Եվրոպական չափանիշների համապատեսխանեցման ճանապարհով,
  • դրամաշնորհների հայտերի ձևավորման և կառավարման դասընթացների կազմակերպում։

Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը նախատեսում  է համագործակցել նաև տարածաշրջանային բժշկական կենտրոնների հետ, ինչը հնարավոր կդարձնի նոր պատկերավորման մեթոդների և հյուսվածքային ինժեներիայի հետազոտական արդյունքների կիրառությունը՝ տեղական բնակչության կարիքների համար:

Ներկայումս ինստիտուտի գիտահետազոտական թիմը բաղկացած է 89 անդամից, որտեղ հավասսար ներկայացվածություն ունեն ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Գիտաշխատողների ավելի քան 40%-ը ԵՄ, ԱՄՆ և տեղական ինքնակառավարման մարմինների մրցակցային ֆոնդերից ստացել է ֆինանսական աջակցություն, ինչպես նաև բարելավել գիտական ​​հմտությունները ԵՄ և ԱՄՆ լաբորատորիաներում՝ մի շարք կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների միջոցով։ Ինստիտուտը շարունակական կրթական ծրագրերի շնորհիվ ունի որակավորված մասնագետների թիմ, ովքեր, անշուշտ, կապահովեն ծրագրի հաջող ընթացքը։

ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը ERA Chair նախագծի շրջանակներում նպատակ ունի ապահովել ոչ միայն գիտական ազդեցություն, այլ նաև զարգացնել փորձառությունը հետազոտությունների և զարգացման ոլորտում (R&D)՝ խթանելով Բաց գիտության սկզբունքները գիտական, տնտեսական և հասարակական ոլորտներում առաջընթաց ապահովելու համար։

ERA Chairs նախագիծը կենտրոնանում է ինստիտուցիոնալ փոփոխությունների և հետազոտական կարողությունների ոժեղացման վրա Եվրոպական հետազոտությունների տարածքում (ERA): Ծրագրի նպատակն է աջակցել մասնակից երկրների համալսարաններին և գիտահետազոտական կազմակերպություններին՝ բարձր մասնագիտական կարողություններ ունեցող մասնագետներ ներգրավելու և պահպանելու գործում՝ ստեղծելով շրջադարձային փոփոխություններ վերջիններիս գիտական ոլորտում։

Leave a Reply