ԱՅԼ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
COST-ը գիտահետազոտական և նորարարական ցանցերի ֆինանսավորող կազմակերպություն է: COST Գործողությունները օգնում են միանալ գիտահետազոտական նախաձեռնություններին Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Նրանք հնարավորություն են ընձեռում գիտնականներին և նորարարներին զարգացնել իրենց գաղափարները գիտության և տեխնոլոգիաների ցանկացած ոլորտում՝ դրանք կիսելով իրենց գործընկերների հետ:
DAAD
Որպես ասոցիացիա՝ DAAD-ն օգնում է գերմանական համալսարաններին միջազգայնացման գործընթացներում, ընդլայնում է գերմանագիտությունը և գերմաներենի տարածումը Գերմանիայից դուրս, աջակցում է զարգացող երկրներին արդյունավետ համալսարանական կրթություն ապահովելու գործում և խորհրդատվություն է տրամադրում մշակութային, կրթական և զարգացման քաղաքականության հարցերում:
Էրազմուս+
Էրազմուս+ ծրագիրը 2014-2020 թվականների ընթացքում կրթության, վերապատրաստումների, երիտասարդության և սպորտի ոլորտներում իրականացվող գործողություններին աջակցելուն ուղղված ծրագիր է: Այն ներառում է 7 գործող նախագծեր, այդ թվում՝ Տեմպուսը և Էրազմուս Մունդուսը։
Էրազմուս Մունդուս
Էրազմուս Մունդուսը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ սկսած 2004 թվականից, բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը խթանելուն ուղղված ծրագիր է, որն առաջարկում է համատեղ մագիստրոսական ծրագրեր Էրազմուս+ -ի հովանու ներքո:
Կոպերնիկուս
Կոպերնիկուսը ԵՄ-ի Երկրի հետազոտության ծրագիրն է, որը կառավարվում է Եվրահանձնաժողովիկողմից։ Այն նպատակ ունի տրամադրել տեղեկատվական ծառայություններ՝ հիմնվելով Երկրի արբանյակային դիտարկման և insitu (ոչ տիեզերական) տվյալների վրա: Ծրագիրն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ այնպիսի նախագծերի և գաղափարների համար, որոնք կբարելավեն եվրոպացիների կյանքը, ինչպես նաև կնպաստեն մոլորակի ու շրջակա միջավայրի բարօրությանը:
Գալիլեո Մաստերս
Գալիլեո Մաստերսը միջազգային նորարարական մրցույթ է, որի նպատակն է բացահայտել բարձրակարգ լուծումներ՝ հիմնվելով արբանյակային նավիգացիայի տվյալների վրա: Մրցույթը աջակցում է այնպիսի GNSS լուծումներին և բիզնես նախագծերին, որոնք առնչվում են գյուղատնտեսության, առողջապահության, կիբերանվտանգության, շրջակա միջավայրի և այլ հարակից ոլորտներին:
Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամի (SNSF) ծրագրեր
SNSF-ը Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամն է, որն աջակցում է գիտական հետազոտություններին ակադեմիական բոլոր ուղղություններով: Այն նպատակ ունի խթանել միջազգային համագործակցությունը, հեշտացնել համաշխարհային գիտական համագործակցությունն ու գիտելիքի փոխանակումը: Նշված նպատակը իրականացնելու համար SNSF-ը տարբեր հնարավորություններ է ընձեռում ինչպես շվեյցարացի, այնպես էլ՝ օտարերկրյա հետազոտողների համար:
Ազգային գիտական հիմնադրամի (NSF) մրցանակներ և ֆինանսավորման այլ ծրագրեր
Հիմնադրված լինելով Կոնգրեսի կողմից՝ NSF-ը ամերիկյան անկախ դաշնային գործակալություն է, որի նպատակն է խթանել գիտական զարգացումը՝ աջակցելով հիմնարար հետազոտություններին և ապագայի համար նոր գիտելիքներ ստեղծելուն: NSF-ն առաջարկում է ֆինանսավորման մի շարք ծրագրեր և մրցանակներ տարբեր թեմաներ ֆինանսավորելու համար:
KAUST միջազգային կրթաթոշակային ծրագիր
Թագավոր Աբդուլլայի անվան գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գլոբալ կրթաթոշակային ծրագիրը որակավորումների վրա հիմնված ծրագիր է, որը նախատեսված է հետ-դոկտորական ծրագրի բարձր առաջադիմությամբ ուղանողների համար՝ իրենց բեկումնային գաղափարները կյանքի կոչելու համար:
DARPA
Defense Advanced Research Projects Agency-ն ԱՄՆ Պաշտպանության նախարարության մի մասն է, որը խթանում է բեկումնային նորարարությունները ակադեմիական, մասնավոր հատվածի և պետական համագործակցությունների միջոցով: Այն ֆինանսավորում է գիտական տարբեր ուղղություններով առաջադեմ հետազոտություններ, որոնք կարող են ներգրավել նաև օտարերկրյա հետազոտական թիմեր:
Visegrad Fund
Visegrad ֆոնդը միջազգային դոնոր կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին Visegrad երկրների կառավարությունների կողմից, որոնք են Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան: Visegrad ֆոնդը ֆինանսավորում է արդիական ոլորտներին վերաբերող տարատեսակ նախագծեր: Այն նպատակ ունի խթանել նորարարական գաղափարները, որոնք լուծում են համամարդկային խնդիրներ՝ տարածաշրջանային սերտ գործակցությամբ իրականացվող նախագծերի միջոցով: Հայաստանյան և Արևելյան գործընկերության այլ կազմակերպություններ կարող են օգտվել Visegrad+ դրամաշնորհներից, որոնք նպաստում են տարածաշրջանի ժողովրդավարացման և վերափոխման գործընթացներին: Այս երկրների ներկայացուցիչները հնարավորություն ունեն օգտվել նաև Visegrad երկրներում սովորելու համար նախատեսված մագիստրոսային և ասպիրանտական կրթաթոշակներից:
ՆԱՏՕ – «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագիր
ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագիրը նվիրված է բազմազանությանը և ներառմանը և բաց է բոլոր ՆԱՏՕ անդամ և գործընկերերկրների դիմորդների համար՝ անկախ սեռից, տարիքից, ազգությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից կամ հավատքից, մշակութային ծագումից, սեռական կողմնորոշումից և հաշմանդամությունից: