ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ

Հորիզոն Եվրոպա ծրագրի մասին

Հորիզոն Եվրոպան (կարճ՝ ՀԵ) Եվրոպական Միության հետազոտական և նորարարական նախագծերի համար նախատեսված իններորդ շրջանակային ծրագիրն է։ Այն հանդիսանում է Հորիզոն 2020ի իրավահաջորդը։ ՀԵ-ն ունի աննախադեպ 95.5 մլրդ եվրոյին համարժեք բյուջե, որը նախատեսված է ֆինանսավորելու հետազոտական և նորարարական նախագծեր 2021-2027 թվականների ընթացքում։

Այս շրջանակային ծրագիրը նպատակ ունի օգնել հասնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և ուղղված է մի շարք մարտահրավերների դեմ պայքարին։ Բացի այդ ՀԵ-ն կնպաստի բարելավել ԵՄ մրցունակությունն ու զարգացման աճը համաշխարհային մակարդակում։

Համաշխարհային մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, ՀԵ-ն նպատակ ունի նաև էլ ավելի խթանել համագործակցությունն ու ուժեղացնել հետազոտությունների և նորարարությունների դերը ԵՄ կողմից տարվող քաղաքականության շրջանակներում։ ՀԵ-ի նպատակներից է նաև գերազանց գիտելիքի և տեխնոլոգիաների ստեղծումը և տարածումը իր սահմաններից դուրս։

Եվրոպական հետազոտությունների տարածքում (European Research Area), ՀԵ-ն հանդիսանում է նոր աշխատատեղերի ստեղծման, ԵՄ տաղանդների ֆոնդի ընդլայնման, տնտեսական աճի, արդյունաբերական մրցունակության բարձրացման, ներդրումների մակարդակի բարձրացման կարևոր խթանիչներից:

ՀԵ կառուցվածք

ՀԵ-ի կառուցվածքը հիմնված է երեք հիմնասյուների վրա, որոնք ընդգրկում են մի շարք ենթածրագրեր: Սեղմել համապատասխան ենթածրագրի անվանման վրա ավելի մանրամասն ծանոթանալու համար։

Հիմնասյուն 1 – Գերազանց գիտություն որը ներառում է հետևյալ ենթածրագրերը՝

  • Եվրոպական Հետազոտական Խորհուրդը (ERC)  տրամադրում է գրավիչ և ճկուն ֆինանսավորում, որը հնարավորություն է տալիս բարձրակարգ և ստեղծագործ միտք ունեցող անհատ հետազոտողներին և նրանց թիմերին զարգացնել գիտության ամենաժամանակակից ուղղությունները՝ հիմնվելով գերազանցության չափանիշի և ողջ ԵՄ-ի տարածքում մրցակցության վրա։ Այս ենթածրագիրը հատկապես կենտրոնանում է վաղ փուլի հետազոտողների վրա։

  • Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողությունները (MSCA) հանդիսանում են դոկտորական և հետ-դոկտորական ուսուցման ԵՄ կարևորագույն նախաձեռնություն, որի շրջանակներում հետազոտողներին հնարավորություն է տրվում նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել՝ միջպետական շարժունակության և առաջատար ոլորտների և գիտական ուղղությունների հետ ծանոթանալու միջոցով:

  • Հետազոտական ենթակառուցվածքները հետազոտողներին տրամադրում են ռեսուրսներ և ծառայություններ, որոնք անհրաժեշտ են հետազոտություններ իրականացնելու և իրենց ոլորտներում նորարարությունը խթանելու համար։

Հիմնասյուն 2 – Համաշխարհային մարտահրավերների և եվրոպական արդյունաբերական մրցունակության հիմնասյունը

նվիրված է համատեղ հետազոտությունների շնորհիվ մարդկության առջև կանգնած մարտահրավերների լուծմանը: Այն կոչված է ամրապնդելու տեխնոլոգիական և արդյունաբերական կարողությունները ներքոնշյալ թեմատիկ կլաստերների միջոցով, որոնք ուղղված են ներկայիս գլոբալ մարտահրավերները հաղթահարելուն՝

  • Կլաստեր 1: Առողջապահության կլաստերը նպատակ ունի բարելավել և պահպանել տարբեր տարիքային խմբերին պատկանող քաղաքացիների առողջությունն ու բարօրությունը նոր հետազոտությունների և ստեղծագործ լուծումների միջոցով՝ նպատակ ունենալով կանխարգելել, ախտորոշել, վերահսկել և բուժել արդի հիվանդությունները։
  • Կլաստեր 2: Մշակույթ, ստեղծարարություն և ներառական հասարակություն կլաստերը աջակցում է մշակութային և ստեղծագործական ոլորտներում, ինչպես նաև հումանիտար գիտությունների և արվեստի ոլորտներում հետազոտություններին և նորարարություններին՝ ստեղծելով մշակութային ժառանգության համար անհրաժեշտ համագործակցային միջավայր:

  • Կլաստեր 3: Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության կլաստերը վերաբերում է անվտանգության մշտական սպառնալիքներից բխող մարտահրավերներին, ինչպիսիք են կիբերհանցագործությունները, բնական և տեխնածին աղետները, ինչպես նաև՝ COVID-19 համաճարակը:

  • Կլաստեր 4: Թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք կլաստերը նպատակ ունի ձևավորել մրցունակ տեխնոլոգիաներ եվրոպական տարածքում կազմակերպվող արդյունաբերության համար, ինչի արդյունքում կզարգանան առանցքային ոլորտները և թույլ կտան ձևավորել հավասարակշռություն արտադրության ու սպառման միջև՝ հաշվի առնելով մոլորակի հնարավորությունները և առավելագույնի հասցնելով օգուտները հասարակության բոլոր անդամների համար, Եվրոպայի բազմատիպ սոցիալական, տնտեսական և տարածքային համատեքստերում։

  • Կլաստեր 5: Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ  կլաստերը նպատակ ունի պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ խորացնելով մեր պատկերացումները վերջինիս պատճառների, էվոլյուցիայի, ռիսկերի, ազդեցությունների և հնարավորությունների հետ կապված։ Այն ուղղված է նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտները կլիմայի և շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ դարձնելուն:

  • Կլաստեր 6: Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր կլաստերը անդրադառնում է փոխկապակցված մարտահրավերներին՝ կապված բնական ռեսուրսների պահպանության, կայուն կենսաբազմազանության և էկոհամակարգի պաշտպանության հետ՝ վերականգնելով և պահպանելով մեր մոլորակի վիճակը, կայուն գյուղատնտեսությունը, անտառային, ծովային և քաղցրահամ ջրերի արտադրությունը, խթանելով բրածոների վրա հիմնված տնտեսությունների այլընտրանքները, կայուն սպառումը, պարենային և սննդի անվտանգությունը:

Համատեղ հետազոտական կենտրոնը (JRC) Եվրահանձնաժողովի գիտելիքահենք ծառայությունն է, որի շրջանակներում գիտնականները իրականացնում են հետազոտություններ՝ ԵՄ քաղաքականության համար անկախ գիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

Pillar 3 – Innovative Europe includes the following programmes:

Եվրոպական նորարարության խորհուրդը (EIC)  աջակցում է  մեծ ներուժ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), սկսնակ ձեռնարկությունների և միջին շուկայական արժեք (մոտ 2-9 մլրդ. եվրո) ունեցող ընկերությունների բեկումնային նորարարությունները կյանքի կոչելու գործընթացում։ Այն ուղղակիորեն առնչվում է բեկումնային, խորը տեխնոլոգիական նորարարությունների հետ՝ շեշտը դնելով նոր շուկաներ ստեղծող նորարարության վրա:

Եվրոպական նորարարության էկոհամակարգերը (EIE) նպատակ ունեն կառուցել առավել ինտեգրված և արդյունավետ նորարարության էկոհամակարգեր, ինչը կօժանդակի ձեռնարկություններին զարգանալ, խրախուսել գյուտարարությունը, և խթանել ազգային, տարածաշրջանային և միջազգային նորարարների միջև համագործակցությունը: EIE-ն հավելյալ սիներգիա կստեղծի Եվրոպական նորարարության խորհրդի (EIC) և Նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի (EIT) հետ միասին։ Այն կօգնի բարելավել Եվրոպայում նորարարությունների աճի համար անհրաժեշտ միջավայրը՝ ՀԵ-ի և ԵՄ ֆինանսավորման այլ գործիքների շրջանակներում։

Նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտը (EIT) անկախ կառույց է, որի գործունեության նպատակն է բարելավել Եվրոպայի նորարարական կարողությունները՝ խթանելով նորարարական գաղափարները և զարգացնելով ձեռնարկատիրական ներուժը։

Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) հզորացում

Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) հզորացում ենթածրագրի նպատակն է աջակցել գիտահետազոտական և նորարարական ցածր ցուցանիշներ ունեցող երկրներին բարելավել իրենց հետազոտական և նորարարական կարողությունները:

Այս ենթածրագրի շահառուները կբարելավեն իրենց գիտական և նորարարական կարողությունները, ինչը թույլ կտա նրանց առավել արդյունավետ մասնակցել համաշխարհային հետազոտական և նորարարական գործընթացներին՝ ինչպես նաև բարելավել միջազգային համագործակցությունը առաջատար կենտրոնների հետ։

Եվրոպական առաքելություններ

Առաքելությունները (Missions) նոր գործիք են, որոնք 2-րդ հիմնասյան մաս են հանդիսանում։ Առաքելություններն ուղղված են համաեվրոպական նպատակներին հասնելուն: Այսպես, արդեն հաստատված առաքելություններից են, օրինակ, մինչև 2030 թվականը 3 միլիոն կյանք փրկել քաղցկեղային հիվանդություններից, ստեղծել 100 կլիմայապես չեզոք քաղաքներ, առողջացնել օվկիանոսները, ծովերը և ներքին ջրերը, առողջացնել հողը և սնունդը, ինչպես նաև ստեղծել կլիմայադիմացկուն տարածաշրջաններ:

Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը» առաքելություն
Կլիմայապես չեզոք և խելացի քաղաքներ» առաքելություն
Քաղցկեղ» առաքելություն 
Հողի գործարք Եվրոպայի համար» առաքելություն
Վերականգնել մեր օվկիանոսները և ջրերը» առաքելություն 

Որտեղի՞ց սկսել

Ամեն ինչ սկսվում է Մրցույթների և տենդերների հարթակից (Funding & tender opportunities portal), որը ԵՄ ծրագրերի պաշտոնական հարթակն է հանդիսանում։ Այն Եվրահանձնաժողովի միասնական էլեկտրոնային տվյալների փոխանակման հարթակն (SEIDA)է՝ նախատեսված ֆինանսավորման մրցույթների և տենդերների դիմորդների և փորձագետների համար։

Այցելելով SEIDA` դուք կգտնեք դրամաշնորհային մրցույթների և տենդերների հայտարարությունները և դրանցմանրամասները, որոնք կառավարվում են Եվրահանձնաժողովի և այլ եվրոպական կառույցների կողմից։ Այս հարթակի միջոցով կարող եք նաև փնտրել և դիմել ձեզ համապատասխանող մրցույթներին։

Ինչպե՞ս դիմել

Կատարեք ներքոնշյալ 5 պարզ քայլերը, որոնք կօգնեն ձեզ դիմել ՀԵ մրցույթներին՝

1

Քայլ 1: Գտեք ձեր ծրագրին համապատասխանող մրցույթը

  • Այցելեք SEIDA  և գրեք ձեր նախագծին/ոլորտին վերաբերող հիմնաբառերը
  • Ներբեռնեք ձեզ հետաքրքրող թեմատիկ ուղղության աշխատանքային ծրագիրը (Work Programme) և գտեք ձեր նախագծին համապատասխանող մրցույթը։
2

Քայլ 2: Գտեք գործընկերներ (եթե մրցույթը պահանջում է կոնսորցիումի ձևավորում)

  • Փորձեք հրավիրել միջազգային գործընկերների, որոնց հետ դուք արդեն համագործակցել եք նախկինում
  • Օգտագործեք Partner Search հարթակը, որտեղ կարող եք տեղադրել տեղեկություններ ձեր կազմակերպության և նախագծի մասին՝ համագործակցության առաջարկով։
3

Քայլ 3: Ստեղծեք ԵՄ հարթակի մուտքի հաշիվ

Երբ արդեն գտնեք ձեզ համապատասխանող մրցույթը և գործընկերներին, հաջորդ քայլը կլինի ԵՄ հարթակի մուտքի հաշիվ ստեղծելը, ինչը կարող եք անել գրանցվելով Եվրոպական հանձնաժողովի վավերացման ծառայության (ECAS) հարթակում։ Վերջինս թույլ է տալիս ընդամենը մեկ մուտքի հաշվով վավերացված օգտատերերին հասանելիություն ստանալ Եվրահանձնաժողովի մի շարք տեղեկատվական հարթակներին։
4

Քայլ 4: Գրանցեք ձեր կազմակերպությունը

ECAS հարթակում մուտքի հաշիվը գրանցելուց հետո կարող եք գրանցել ձեր կազմակերպությունը Մասնակիցների ռեգիստրում և ստանալ ձեր մասնակցի նույնականացման կոդը (PIC)։ Նախքան գրանցելը, խնդրում ենք համոզվել, որ ձեր կազմակերպությունը նախկինում արդեն իսկ չի գրանցվել և չի ստացել անհրաժեշտ PIC կոդը։

Այս հինգ քայլերի վերաբերյալ ավելին իմանալու համար այցելեք Online Manual , ինչպես նաև՝ IT How to.

Կարող եք նաև ԱԿԱ ցանցում գտնել եւ դիմել ձեր նախագծի/ոլորտի շրջանակներում աջակցություն տրամադրող ԱԿԱ անձին՝ ավելի մանրամասն մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար։