Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք նոր բրոքերային միջոցառումներ՝

1. Էներգետիկայի ոլորտի բրոքերային միջոցառում – 2025թ․ մայիսի 12–13 – Ստոկհոլմ, Շվեդիա

Միջոցառումը տեղի կունենա Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում ՝ անդրադառնալով «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 5-րդ կլաստերի (կլիմա, էներգիա, շարժունակություն) 2025թ․ թեմատիկ մրցույթներին։ Ծրագիրը ներառում է թեմատիկ աշխատաժողովներ, երկկողմ հանդիպումներ և տեղեկատվական սեսիաներ՝ նպաստելով կայուն էներգետիկ լուծումներին ուղղված համագործակցությունների ձևավորմանը։

2. «Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության» բրոքերային միջոցառում – 2025թ․ մայիսի 14–15 – Ստոկհոլմ, Շվեդիա

Կազմակերպված Շվեդիայի Պաշտպանության համալսարանի կողմից՝ այս միջոցառումը նպատակ ունի նպաստելու կոնսորցիումների ձևավորմանը՝ ուղղված 3-րդ կլաստերի (քաղաքացիական անվտանգություն) 2025թ․ մրցութային թեմաներին։ Միջոցառման ընթացքում կլինեն համատեղ քննարկումներ և հանդիպումներ, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորություն։

3. KETs EU բրոքերային միջոցառում ՝ CL4 և CL5 կլաստերների շրջանակում – 2025թ․ մայիսի 20 – Ստրասբուրգ, Ֆրանսիա

Միջոցառումը նվիրված է հիմնական հնարավորություններ ստեղծող տեխնոլոգիաներին (Key Enabling Technologies)՝ Հորիզոն Եվրոպա ծրագրի 4-րդ և 5-րդ կլաստերների շրջանակում։ Այն միավորելու է բիզնեսի, գիտական հանրույթի և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին՝ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Ծրագիրը ներառում է առաջիկա հայտերի վերաբերյալ տեղեկատվական նիստեր և երկկողմ հանդիպումներ։

4. Շրջակա միջավայրի և սննդի ոլորտի բրոքերային միջոցառում – 2025թ․ մայիսի 22–23 – Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Միջոցառումը նպատակ ունի մեկտեղելու բնապահպանության և սննդի ոլորտի առաջատար ներկայացուցիչներին, հետազոտողներին և ձեռնարկություններին՝ 6-րդ կլաստերի թեմաների շուրջ։ Մասնակիցները կներկայացնեն նախագծերի իրենց առաջարկները, կհանդիպեն ապագա գործընկերների հետ՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները։

5. 6-րդ կլաստերի 2025թ․ հայտերի համար նախատեսված բրոքերային միջոցառում – 2025թ․ մայիսի 27 – Վարշավա, Լեհաստան

CARE4BIO նախագծի կողմից կազմակերպված այս միջոցառումը նվիրված է սննդի, կենսատնտեսության, բնական ռեսուրսների, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի թեմաներին։ Միջոցառման շրջանակներում կանցկացվեն երկկողմ հանդիպումներ, կներկայացվեն նախագծերի գաղափարներ և կանցկացվեն անհատական խորհրդատվություններ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ազգային կոնտակտային անձանց կողմից։

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԵՒ ԳՐԱՆՑՎԵԼ

6. «Հորիզոն Եվրոպա» – EUIndTech 2025 բրոքերային միջոցառում – 2025 թ. հունիսի 3 – Կրակով, Լեհաստան

Միջոցառումը կանդրադառնա «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2025 թվականի Աշխատանքային ծրագրի 4-րդ կլաստերի՝ արդյունաբերության ոլորտի թեմատիկ մրցույթներին։ Բրոքերային միջոցառումը կընձեռի բացառիկ հնարավորություն հաստատելու նոր համագործակցություններ և գտնելու նոր գործընկերներ՝ նախապես պլանավորված երկկողմ հանդիպումների միջոցով։ Մասնակիցները հնարավորություն կունենան նաև ներկայացնել իրենց նախագծային գաղափարները կամ փորձագիտական կարողությունները փիչինգ սեսիաների ընթացքում և ստանալ խորհրդատվություն Ազգային կոնտակտային անձանց կողմից:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԵՒ ԳՐԱՆՑՎԵԼ

7. Տիեզերական ոլորտի տեղեկատվական օր և բրոքերային միջոցառում – 2025 թ. հունիսի 3 – Վարշավա, Լեհաստան

Միջոցառումը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 4-ի՝ տիեզերական ոլորտին առնչվող թեմատիկ մրցույթներին՝ նպատակ ունենալով համախմբելու տիեզերական արդյունաբերության և գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչներին։ Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու տեղեկատվական սեսիաների և ունենալու անհատական հանդիպումներ՝ ձևավորելու համար նոր կոնսորցիումներ թեմատիկ մրցույթներին դիմելու համար:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԵՒ ԳՐԱՆՑՎԵԼ

8. «Մշակույթ, ստեղծարարություն և ներառական հասարակություն» թեմայով բրոքերային միջոցառում – 2025թ․ հունիսի 3–4 – Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Այս միջոցառումը նպատակ ունի զարգացնել համագործակցությունը մշակութային ժառանգության, ստեղծարար արդյունաբերության և ներառական հասարակության ոլորտներում։ Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել գաղափարներ, մասնակցել քննարկումների և գտնել գործընկերներ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2-րդ կլաստերի շրջանակներում։

9. Բալթյան տարածաշրջանից դեպի եվրոպական համագործակցություն – 2025թ․ հունիսի 3–4 – Բրյուսել, Բելգիա

Միջոցառուման նպատակն է խորացնել Բալթյան և Եվրոպական այլ տարածաշրջանների գործընկերների միջև համագործակցությունը։ Այն կանդրադառնա «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տարբեր կլաստերների՝ մասնավորապես Առողջապահության՝ 1-ին կլստերի և ԵՄ առաքելության թեմաներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով շրջակա միջավայրի, թվայնացման և ուղեղի առողջության հետ կապված թեմատիկ խնդիրներին։

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԵՒ ԳՐԱՆՑՎԵԼ

10. Եվրոպան և շարժունակությունը. սոցիալ-տնտեսական փոխակերպումների մարտահրավերներն ու հնարավորությունները – 2025 թ. հունիսի 6 – Վարշավա, Լեհաստան

«Եվրոպան և շարժունակությունը» համաժողովի երրորդ օրը նվիրված կլինի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2-րդ կլաստերի՝ «Մշակույթ, ստեղծարարություն և ներառական հասարակություն» բրոքերային միջոցառմանը՝ նպատակ ունենալով ձևավորել կոնսորցիումներ ծրագրի թեմատիկ մրցույթներին մասնակցելու համար։ Միջոցառումը կանդրադառնա Եվրոպայում հասարակական վերափոխումներին, շարժունակության խնդիրներին և սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը՝ ներառելով փորձագիտական քննարկումներ և համագործակցային հնարավորություններ:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԵՒ ԳՐԱՆՑՎԵԼ

11. Առողջապահության ոլորտի բրոքերային միջոցառում – 2025թ․ հունիսի 17–18 – Սոլնա, Շվեդիա

Այս միջոցառումը նվիրված է առողջապահության ոլորտի՝ 1-ին կլաստերի 2025թ․ մրցութային թեմաներին։ Բրոքերային միջոցառումը մեկ հարթակում կմիավորի գիտնականներին, առողջապահական կազմակերպություններին և արդյունաբերության ներկայացուցիչներին՝ նպաստելով գործընկերային համագործակցությանը և առողջապահական ոլորտում նոր նախագծերի ստեղծմանը։

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:

Բրոքերային միջոցառումների պարբերաբար թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply