Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նոր բրոքերային միջոցառումներ՝

1. Blue-Green Lab – Կառուցելով վաղվա նախագծերը – 2026թ. սեպտեմբերի 15-16 – Բրյուսել, Բելգիա

Blue-Green Lab-ը երկօրյա բրոքերային և գործընկերների որոնման յուրահատուկ միջոցառում է, որի նպատակն է աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2027թ. Կլաստեր 5-ի, Կլաստեր 6-ի և «Վերականգնենք մեր օվկիանոսներն ու ջրերը» (Restore our Ocean and Waters) ԵՄ առաքելության շրջանակներում միջազգային կոնսորցիումների ձևավորմանը։

Ծրագրում ներառված են ռազմավարական շնորհանդեսներ, փիչինգի սեսիաներ, համակարգված գործընկերային հանդիպումներ, թեմատիկ աշխատանքային խմբեր և նախագծերի համատեղ մշակման աշխատանքներ։ Քննարկումները կկենտրոնանան ջրային և օվկիանոսային համակարգերի դիմակայունության, շրջանաձև և կապույտ արժեքային շղթաների, բնահեն լուծումների և կենսաբազմազանության, ինչպես նաև Կլիմա-խելացի հողային համակարգերի և մոնիթորինգի թեմաների շուրջ։ Հետազոտողները, ՓՄՁ-ները, համալսարանները, պետական մարմինները և այլ շահառուներ հնարավորություն կունենան կապ հաստատել հնարավոր գործընկերների հետ և մշակել մրցունակ նախագծային գաղափարներ՝ «Հորիզոն Եվրոպա» 2027թ. առաջիկա մրցույթներին մասնակցելու համար։

2. Կլաստեր 1՝ Առողջապահության և «Քաղցկեղ» առաքելության շրջանակներում համագործակցային ցանցերի ձևավորում – 2026թ. սեպտեմբերի 28 – Բրյուսել, Բելգիա

Բրոքերային միջոցառումը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 1-ի՝ Առողջապահության և «Քաղցկեղ» ԵՄ առաքելությանը (EU Mission Cancer)՝ աջակցելու շահառուներին, որոնք հետաքրքրված են մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2027թ. առաջիկա մրցույթներին։ Միջոցառման նպատակն է խթանել առողջապահության ոլորտում հետազոտական և նորարարական միջազգային համագործակցությունը։

Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի առաջնահերթություններին, լսելու Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի և եվրոպական առաջատար առողջապահական հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները, ինչպես նաև ներկայացնելու իրենց նախագծային գաղափարները, գտնելու գործընկերներ և ձևավորելու միջազգային կոնսորցիումներ։ Միջոցառումը կմիավորի հետազոտողների, առողջապահության ոլորտի մասնագետների, նորարարների, քաղաքականություն մշակողների, ՓՄՁ-ների, հիվանդանոցների, առողջապահական կազմակերպությունների, կլինիկական հետազոտությունների, թվային առողջապահության և արհեստական բանականության ոլորտներում գործող այլ շահառուների։

Գրանցումը բաց է մինչև 2026թ. սեպտեմբերի 22-ը։

3. EU CAP Network «Գործնական փորձից դեպի ազդեցություն՝ համագործակցությունների ձևավորում գյուղատնտեսության և գյուղական տարածքների համար» – 2026թ. նոյեմբերի 5-6 – Բրյուսել, Բելգիա

EU CAP Network կողմից կազմակերպվող բրոքերային միջոցառումը նպատակ ունի աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 6-ի և «Հողի գործարք Եվրոպայի համար» առաքելության (Soil Deal for Europe) 2027թ. մրցույթների համար բարձրորակ նախագծային առաջարկների մշակմանը։

Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախագծային գաղափարները, մասնակցել գործընկերային հանդիպումներին և գործընկերների որոնման միջոցառումներին «Հորիզոն Եվրոպա» ծրագրի նախագծերի համար։ Քննարկումները կկենտրոնանան այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են ագրոկենսաբազմազանությունը, կայուն և կլիմայական առումով խելացի գյուղատնտեսությունը, առողջ հողերը, գյուղատնտեսական համակարգերի դիմակայունությունը և Գյուղատնտեսական գիտելիքի և նորարարության համակարգերը (AKIS)։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության և գյուղական տարածքների նորարարություններին աջակցող եվրոպական, ազգային և տարածաշրջանային ֆինանսավորման հնարավորությունները։

Հետաքրքրվածության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026թ. օգոստոսի 14-ը՝ ժամը 23:59 (CET)։

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:

Բրոքերային միջոցառումների պարբերաբար թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply