Skip to main content

2023թ դեկտեմբերի 6-ին, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (ԳՆԳԱԿ) հիմնադրամը՝ Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) հետ համագործակցությամբ, NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում Երևանում անցկացրեց Հորիզոն Եվրոպա ծրագրին  նվիրված տեղեկատվական միջոցառում։

Միջոցառման նպատակն էր բարձրացնել հայ գիտահետազոտական ​​համայնքի իրազեկվածությունը Եվրոպական միության Հորիզոն Եվրոպա ծրագրի վերաբերյալ և խրախուսել մասնակցությունը ծրագրի գալիք մրցույթներում: Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր ընձեռել հայ գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչներին ստանալ տեղեկատվություն և հետաքրքրող հարցերի պատասխանները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս ՀԱՅՈՑՅԱՆԸ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր ԻՇԽԱՆՅԱՆԸ, և Եվրահանձնաժողովի Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության Հորիզոն Եվրոպա ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Անն ՀԱԳԼՈՒՆԴ-ՄՈՐԻՍԻՆ։

Միջոցառման հագեցած օրակարգը ներառում էր Հորիզոն Եվրոպա ծրագրի տարբեր ասպեկտների վերաբերյալ զեկուցումներ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ՝ Սիլվիա ԲՈԺԻՆՈՎԱՅԻ (Եվրոպական հարևանության քաղաքականության թիմի ղեկավար, Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինություն, «Հորիզոն Եվրոպա ծրագրի հնարավորությունները Հայաստանի համար»), Նիկոլո ՔԵՐՉԻԻ (քաղաքականության պատասխանատու, Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինություն, «Հորիզոն Եվրոպա ծրագրի կառուցվածքը և 2023–2024 թթ աշխատանքային ծրագրերը»), Մարիա ՖԵԴՈՏՈՎԱՅՏԵԻ (քաղաքականության պատասխանատու, Կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրինություն, «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ»), Կարինա ՖԻՐԿԱՎԻՉՈՒՏԵԻ (քաղաքականության պատասխանատու, Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինություն, «Ընդլայնման ծրագիր»), Ալբենա ԿՈՒՅՈՒՄՋԻԵՎԱՅԻ, (քաղաքականության պատասխանատու, Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինություն, «Եվրոպական նորարարության խորհուրդ») կողմից։

ՀԵ ծրագրի իրավական և ֆինանսական հարցերով Ազգային կոնտակտակին անձ, Գերմանական օդատիեզերական կենտրոնի ներկայացուցիչ Ռենա ՀՈԵՆՇՏԵՅՆԸ ներկայացրեց Հորիզոն Եվրոպայի նախագծերի ֆինանսական կանոններն ու հաշվետվությունների մանրամասները, իսկ COST ասոցիացիայի տնօրեն Սալոմե ՄՈԵԶԻ-ԳԱԿՈՆը հանդես եկավ COST գործողությունների մասին զեկույցով:

ԳՆԳԱԿ հիմնադրամի տնօրեն Տիգրան ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ներկայացրեց NCP_WIDERA.NET նախագիծը և դրա շրջանակներում առկա դիմորդների աջակցման սխեմաները՝ նախագծերի առաջարկների մասնագիտական վերստուգման և բրոքերային միջոցառումների համար նախատեսված ճանապարհորդական դրամաշնորհների տեսքով։

Ելույթով հանդես եկավ նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Նարինե ՍԱՐՎԱԶՅԱՆԸ, ով  կիսվեց ներկաների հետ ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ERA Chair հաջողված նախագծի իր փորձով։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ներկաներին ծանոթացրեց Հայաստանի առաջադեմ տեխնոլոգիական էկոհամակարգի հետ։

Միջոցառումը լայնորեն հեռարձակվել է խոշոր լրատվական գործակալությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից։

ԳՆԳԱԿ հիմնադրամը իր երախտագիտությունն է հայտնում Եվրոպական հանձնաժողովին՝ միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած անգնահատելի աջակցության, ինչպես նաև բոլոր բանախոսներին՝ միջոցառմանը իրենց կարևոր ներդրման համար, որին ներկա էր ավելի քան 80 մասնակից:

Leave a Reply