Կպատկերացնեի՞ք, որ կկարողանաք միանալ «Հորիզոն Եվրոպա»-ի մրցույթներում արդեն իսկ ընտրված և ընթացք ստացած գիտանորարարական նախագծերին: Դա այժմ հնարավոր է Hop On Facility Action-ի միջոցով, որը «Հորիզոն Եվրոպա»-ի նոր գործիքներից է։ Այն թույլ է տալիս Ընդլայնվող երկրներից մասնակիցներին (ներառյալ` Հայաստանը) միանալ արդեն իսկ ձևավորված կոնսորցիումներին, որոնք իրականացնում են իրենց նախագծերը։
Hop On Facility Action-ի համար նախատեսվում է տրամադրել 40 մլն․եվրո, որը կբաշխվի 80 նախագծերի միջև՝ «Հորիզոն Եվրոպա»-ի 2-րդ հիմնասյան կամ EIC Pathfinder-ի շրջանակներում ընթացող գիտանորարարական նախագծերում Ընդլայնվող երկրից մեկ լրացուցիչ մասնակից ներառելու համար։ Ընդլայնվող երկրից նոր մասնակիցը պետք է իրականացնի հստակ նշված առաջադրանք նախագծի շրջանակներում, որը կարող է ֆինանսավորվել մինչև 100%-ի չափով։
Եվրահանձնաժողովը հրապարակել է «Հորիզոն Եվրոպա»-ի 2-րդ հիմնասյան և EIC Pathfinder-ի արդեն իսկ սկսված նախագծերի ցանկ, որը պարբերաբար թարմացվելու է՝ կատարելով ուղղորդիչ դեր, քանզի դիմորդները կարող են գտնել իրենց համապատասխան կոնսորցիումներ և նախագծեր ինքնուրույն, նաև՝ վերոնշյալ ցանկից դուրս:
Ստացված բյուջեի առաջնային շահառուն պետք է լինի կոնսորցիումին միացած նոր անդամը Ընդլայնվող երկրից, և միայն կոնսորցիումի համակարգողը կարող է ստանալ ավելացված բյուջեի մինչև 10%-ը՝ որպես համակարգման վճար։
Ընթացիկ ծրագրին միանալու համար 2022 թվականի վերջնաժամկետներն են՝
• Ապրիլի 20-ը
• Նոյեմբերի 10-ը։
Ավելին ծրագրի մասին՝ Hop On Facility / Funding & tenders portal։