Skip to main content

Աննա Նեբիշը, ով ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնում զբաղվում է խաղողի գենետիկայի հետազոտություններով, առաջին գիտաշխատողն է Հայաստանից, ով արժանացել է հեղինակավոր ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի (ՄՍԿԳ) անհատական կրթաթոշակի՝ խաղողի հետազոտությունների նորարարական նախագծի/ GRAPEINNOVATION իրականացման համար։

Կրթաթոշակը Աննային հնարավորություն տվեց երկամյա GRAPEINNOVATION հետազոտական ​​ծրագրի շրջանակներում կատարել խաղողի հայկական, իսպանական և իտալական սորտերի բազմակողմանի ուսումնասիրություն Իսպանիայի Խաղողի և գինու ուսումնասիրությունների ինստիտուտում (ICVV) և Իտալիայի Տրենտոյի համալսարանում։

GRAPEINNOVATION նախագծի գլխավոր նպատակն էր հայտնաբերել այն գեները, որոնք պատասխանատու են խաղողի հայկական և եվրոպական գենոֆոնդերում անսերմության տարբեր ձևերի համար։ Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան  հետագա նորարական սելեկցիոն ծրագրերում ընդլայնել անսերմ սորտերի գենետիկական բազմազանությունը՝ սեղանի էլիտար նոր սորտերի աճեցման և բարձրակարգ չամիչի արտադրման  համար։ Այս առաջընթացները նպատակ ունեն խթանել տնտեսական աճը և բարձրացնել ազգային գյուղատնտեսական ինքնավարությունը ինչպես ԵՄ-ում, այնպես էլ Հայաստանում:

Նախագծի պատրաստման ընթացքում Աննան կարողացավ հաղթահարել ծագած դժվարությունները՝ գիտական ղեկավարի ցուցաբերած աջակցության և Հայաստանում Net4mobility+ ծրագրի (Հորիզոն 2020 ծրագրի  ՄՍԿԳ Ազգային կոնտակտային անձանց ցանց) շրջանակներում կազմակերպված ՄՍԿԳ անհատական կրթաթոշակի դասընթացի ընթացքում ձեռք բերված հմտությունների շնորհիվ։ 2019 թվականին նա ներկայացրեց գիտական նախագիծ, որը բարձր գնահատականի արժանանալով 2020 թվականին հաստատվեց ֆինանսավորմանը։ Չնայած COVID-19 համաճարակի պատճառով առաջացած սահմանափակումների և երկամսյա ուշացմանը՝ Աննային հաջողվեց սկսել նախագիծը։

Կրթաթոշակը թույլ տվեց Աննա Նեբիշին կյանքի կոչել իր գլխավոր հետազոտական ​​նպատակը՝ բույսերի վերարտադրողական կենսաբանության բազմակողմանի ուսումնասիրությունը՝ կիրառելով նորագույն գենետիկական, գենոմային, NGS հաջորդ սերնդի սեկվենավորման, կենսատեխնոլոգիայի և կենսաինֆորմատիկայի մեթոդները: MSCA IF ծրագրի իրականացման ընթացքում նա ձեռք է բերել յուրահատուկ հմտություններ և գիտելիքներ ժամանակակից խաղողի գենետիկայի և սելեկցիայի ոլորտում:

Աննան կոչ է անում այլ  գիտնականներին ևս դիմել Մարի Սկլոդովսկա-Կյուրիի հետդոկտորական կրթաթոշակին՝ իրենց անձնական հետազոտական ​​նպատակներին հասնելու և կարիերայի առաջխաղացման նպատակով: Ինչպես ասում է Նեբիշը. «Հաջողությունը հնարավոր է միայն ամենօրյա աշխատանքի և գիտական ոլորտի լավագույն մասնագետների հետ կապերի հաստատման ու համագործակցության միջոցով… և, իհարկե, մի օր այն կարող է ամբողջությամբ փոխել ձեր կյանքը և դառնալ նոր գիտահետազոտական արկածի սկիզբ»։

Leave a Reply