Skip to main content

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (MSCA) ենթածրագիրը առաջարկում է ֆինանսավորում հետդոկտորական գիտնականների համար 2 կամ 3-ամյա կրթաթոշակների տեսքով՝ Հետդոկտորական կրթաթոշակ (MSCA PF) մրցույթի շրջանակներում:

MSCA PF-ն համընդհանուր աջակցություն է տրամադրում երիտասարդ գիտնականներին գիտական ​​և մասնագիտական ​​աճին և զարգացմանը:

Յուրաքանչյուր տարի գիտնականները ամբողջ աշխարհից դիմում են MSCA PF մրցույթին՝ դարձնելով այն շատ մրցունակ, ինչի արդյունքում ֆինանսավորվում են միայն լավագույն գերազանց նախագծերը:

2021 թվականի MSCA PF մրցույթին ներկայացվել է 8356 հայտ, և միայն 1156 փորձառու հետդոկտորական գիտնական կստանա ֆինանսավորում, ընդհանուր առմամբ 242 միլիոն եվրո՝ Եվրոպայի և աշխարհի մնացած երկրների լավագույն համալսարաններում, հետազոտական ​​կենտրոններում, մասնավոր կազմակերպություններում և փոքր և միջին ձեռնարկություններում իրենց գիտահետազոտական նախագծերը իրականացնելու նպատակով։

Այդ հաջողակների թվում են Հայաստանից երկու գիտնականներ՝ Հռիփսիմե Մկրտչյանն ու Անահիտ Հովհաննիսյանը։

Անահիտ Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պոպուլյացիոն գենետիկ է։ Նրա հետազոտությունը կենտրոնանում է էվոլյուցիոն գենետիկայի և գենոմիկայի կիրառման վրա՝ մարդկային պոպուլյացիաների ուսումնասիրության համար:

Անահիտ Հովհաննիսյանի MSCA PF նախագիծը, «FeverTime»-ը (Բնական ընտրությունն ընդդեմ գենետիկական դրեյֆի. ո՞րն է վնասակար մուտացիաների առաջացման գործոնը) կֆինանսավորիվի, և նա 2 տարի կաշխատի Դուբլինի Թրինիթի քոլեջում, որտեղ հնագույն գենոմիկայի բազմաշերտ մոտեցման կիրառմամբ ուսումնասիրվելու է հայկական պոպուլյացիայի ժողովրդագրական պատմությունը, հիվանդածին գենետիկական տարբերակների ընտրության գործընթացը և ծագումը։ Մասնավորապես՝ հետազոտությունն ուղղված է լինելու գենետիկական դրեյֆի և բնական ընտրության դերի բացահայտմանը տեղածին գենային մուտացիոն «բեռի» առաջացման գործում։ Ծրագրի ավարտին Հայաստանում կկազմակերպվի հիվանդությունների էվոլյուցիայի և հնագույն գենոմիկայի թեմայով միջազգային գիտաժողով։

Հռիփսիմե Մկրտչյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական ​​լաբորատորիայի Տիեզերական ճառագայթների բաժնի ինժեներ-ֆիզիկոս է, նրա հետազոտությունը նվիրված է ամպրոպային էլեկտրական կառուցվածքի ուսումնասիրությանը։

Հռիփսիմե Մկրտչյանի «AtmosEleC» նախագիծը (Մթնոլորտային էլեկտրաէներգիա կլիմայի համար) կֆինանսավորվի և հնարավորություն կընձեռի նրան աշխատել Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանում: Հռիփսիմեն կուսումնասիրի Գլոբալ Էլեկտրական շղթայի (ԳԷՇ) փոփոխականների օգտակարությունը կլիմայի մոնիտորինգի համար՝ ուսումնասիրություններում ներառելով նոր տեխնոլոգիական լուծումներ և բարելավելով ԳԷՇ-ի պարամետրերի դիտարկումները: Արդյունքները կներառեն. մշակել նոր սենսորների միջոցով իոնոսֆերիկ պոտենցիալի կանոնավոր մոնիտորինգի սխեմա՝ օգտագործելով չափումներ օդապարիկների վրա; օգտագործելով տվյալների վերլուծությունները՝ բարելավել խաղաղ եղանակի բնորոշումը ԳԷՇ-ի էլեկտրական դաշտի չափումների համար; վերլուծել ԳԷՇ-ի էլեկտրական դաշտի տվյալների շտեմարանները՝ ուսումնասիրելու կլիմայի հետ կապված օվկիանոսի շրջանառության օրինաչափությունների փոփոխությունները:

 Վերլուծության նոր մեթոդներ կմշակվեն նաև հասկանալու համար, թե ինչպես կարող են ԳԷՇ -ը և, հետևաբար, գլոբալ կայծակնային ակտիվությունը կապ ունենալ կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

MSCA-PF 2022թ մրցույթը

MSCA-PF-ն ստեղծված է նպաստելու առաջատար գիտնականների կարիերայի զարգացմանը հետդոկտորական փուլում:

MSCA PF-ի 2022 թվականի մրցույթը կմեկնարկի 2022թ․ մայիսի 12-ին։

Դիմելու համար դուք պետք է բավարարեք հետևյալ պայմանները.

  • Ստացած լինեք PhD աստիճանը մինչև մրցույթի վերջնաժամկետը;
  • PhD աստիճանը ստանալու օրվանից մինչև մրցույթի վերջնաժամկետը ընկած ժամանակահատվածը չպետքե գերազանցի 8 տարին (գործում են բացառություններ. կարիերայի ընդմիջումներ, ծննդաբերության արձակուրդներ և այլն);
  • Մրցույթի վերջնաժամկետին նախորդող վերջին 3 տարում դուք չպետք է անցկացրած լինեք 12 ամսից ավելի հյուրընկալող կազմակերպության երկրում (կարճաժամկետ այցերը, օրինակ՝ ընտանեկան այցելությունները,  չեն հաշվվում)

MSCA PF մրցույթի մանրամասներին կարողեք ծանոթանալ այստեղ։

 

 

 

Leave a Reply