Ուրախությամբ հայտնում ենք, որ հաստատվել են 70 նոր COST գործողություններ, որոնք արդեն հասանելի են առցանց։
Եթե ցանկանում եք զարգացնել Ձեր գիտական և մասնագիտական կապերը, կարող եք դիմել և միանալ նոր COST գործողությանը՝ ելնելով Ձեր հետազոտական հետաքրքրություններից։
COST գործողությունը միջառարկայական գիտահետազոտական ցանց է, որը չորս տարվա ընթացքում համախմբում է գիտնականների և նորարարների՝ իրենց ընտրած թեման համատեղ ուսումնասիրելու նպատակով։ Բաց լինելով գիտության և տեխնոլոգիայի բոլոր ոլորտների համար՝ COST գործողությունները ստեղծում են ներառական հարթակ մասնագիտական ցանցեր ձևավորելու և մասնակիցների կարիերան խթանելու համար՝ անկախ նրանց գիտական ստաժից, կոչումից կամ աստիճանից։
Քանի որ, Հայաստանը հանդիսանում է COST Ասոցիացիայի լիիրավ անդամ պետություն՝ Հայաստանից մասնակցությունն այս գործողություններին բաց է գիտնականների, նորարարների, ՓՄՁ-ների և արդյունաբերության, քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների, պետական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների համար։
Գտե՞լ եք COST գործողություն, որը համապատասխանում է Ձեր հետաքրքրություններին։ Ցանկանու՞մ եք միանալ։ Դուք կարող եք դիմել՝ միանալու համապատասխան Աշխատանքային խմբերից (Working Group) մեկին կամ դառնալ Գործադիր կոմիտեի (Management Committee ) անդամ։
Ինչպես միանալ COST գործողությանը.
- Այցելեք համապատասխան գործողության էջը COST-ի կայքում։
- «Action Documents» բաժնում կարդացեք Փոխըմբռնման հուշագիրը (MoU), որպեսզի լիարժեք հասկանաք գործողության նպատակներն ու շրջանակը։
- Ընտրեք Ձեզ հետաքրքրող Աշխատանքային խումբը և դիմեք միանալու։
- Դուք կուղղորդվեք դեպի e-COST՝ COST Ասոցիացիայի առցանց հարթակը։ Մուտք գործեք կամ գրանցվեք (եթե դեռ չունեք հաշիվ) և լրացրեք պարզ դիմումի ձևը։
- Եթե ցանկանում եք առավել ակտիվ ներգրավվածություն և հետաքրքրված եք դառնալ Գործադիր կոմիտեի անդամ, խնդրում ենք կապ հաստատել COST-ի Ազգային կոնտակտային անձի (CNC) հետ։
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք՝ https://www.cost.eu/

