Եվրոպական հանձնաժողովը, համագործակցելով Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) հետ՝ որպես «Հորիզոն Եվրոպա» (ՀԵ) ծրագրի Ազգային կոնտակտային անձանց համակարգման գրասենյակ, հրավիրում է Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգների շարքին, ինչպես նաև եվրոպական փորձագետների կողմից իրականացվող հայտադիմումների մշակման անհատական խորհրդատվական հանդիպումներին։
Երեք օր տևողությամբ թրեյնինգները ուղղված կլինեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2-րդ հիմնասյան (ներառյալ ԵՄ Առաքելությունները և Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնությունը), ինչպես նաև Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների (MSCA) և Եվրոպական Նորարարության խորհրդի (EIC) 2026–2027թթ. մրցույթների շրջանակում ներկայացվելիք համատեղ հետազոտական նախագծերի հայտադիմումների մշակմանը։
Այս միջոցառումների շարքը հնարավորություն կընձեռի հստակ նախագծային գաղափարներ ունեցող Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու թրեյնինգների՝ ուղղված ՀԵ ծրագրի բարձրորակ նախագծերի մշակմանն ու մրցունակ հայտադիմումների նախապատրաստմանը։
Փորձագիտական խորհրդատվությունները նպատակ ունեն տրամադրել անհատականացված աջակցություն՝ կոնկրետ հայտադիմումների կազմման համար։ Դրանք նախատեսված են այն գիտնականների և նորարարների համար, ովքեր արդեն ընտրել են «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026–2027թթ. Աշխատանքային ծրագրերից համապատասխան մրցույթ և աշխատում են նախագծի մշակման ուղղությամբ։
Խորհրդատվությունները կմեկնարկեն այն պահից, երբ Եվրոպական հանձնաժողովը ստանա Ձեր գրանցումը։ Դրանք կանցկացվեն առցանց՝ 2025թ. նոյեմբերի վերջից մինչև 2026թ. փետրվարի սկիզբ, իսկ տեղում՝ 2026թ. փետրվարի 12–13-ին, Երևանում։
Ժամանակացույց և ձևաչափ
Փորձագիտական խորհրդատվություններ (առցանց) – 2025թ. նոյեմբերի վերջից մինչև 2026թ. փետրվարի սկիզբ
Հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգներ (տեղում) – 2026թ. փետրվարի 9–11, Երևան, Հայաստան
Փորձագիտական խորհրդատվություններ (տեղում) – 2026թ. փետրվարի 12–13, Երևան, Հայաստան
Փորձառու և երիտասարդ գիտնականների (ներառյալ ասպիրանտները), նորարարական էկոհամակարգի ներկայացուցիչների և «Հորիզոն Եվրոպա» Ազգային կոնտակտային անձանց մասնակցությունը խրախուսվում է։
Գրանցում
Հետաքրքրվածներին խնդրում ենք գրանցվել մինչև 2026թ. հունվարի 15-ը՝ լրացնելով գրանցման ձևը։
Մասնակցությունը սահմանափակ է, և ընտրությունը կիրականացվի գրանցման վերջնաժամկետից հետո։
Լրացուցիչ մանրամասների, ներառյալ օրակարգը և գրանցման ձևը, անցեք ստորև հղմամբ:

