Skip to main content

2025թ. 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում, որը կազմակերպվել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցությամբ։

Միջոցառումը միավորեց պետական կառույցների, գիտական հաստատությունների, համալսարանների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ ստեղծելով արդյունավետ հարթակ ծրագրի հնարավորությունների, ձեռքբերումների և ապագա համագործակցությունների շուրջ քննարկման համար։

Բացման խոսքով մասնակիցներին ողջունեց ԳՆԳԱԿ-ի տնօրեն Տիգրան Արզումանյանը՝ ընդգծելով «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կարևորությունը Հայաստանի գիտության և նորարարության համակարգի զարգացման համար։ Նա նշեց, որ ծրագրին միանալը թույլ է տալիս հայկական գիտական կազմակերպություններին և հետազոտողներին դառնալ եվրոպական գիտական տարածքի լիիրավ մասնակիցներ, ամրապնդել միջազգային համագործակցությունը և բարձրացնել Հայաստանի գիտության տեսանելիությունը։

Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Սիլվիա Բոժինովան և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանը։

Սարգիս Հայոցյանը իր խոսքում ընդգծեց, որ «Հորիզոն Եվրոպա»-ն բացառիկ հնարավորություն է հատկապես երիտասարդ գիտնականների համար՝ իրագործելու համաշխարհային մակարդակի հետազոտություններ՝ համահունչ ԵՄ ռազմավարական ուղղություններին։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորեց Հայաստանի գիտական ներուժի ամբողջական օգտագործումը՝ շեշտելով, որ ծրագիրը ոչ միայն գիտության և նորարարության ֆինանսավորման գործիք է, այլև կապերի ստեղծման հարթակ մարդկանց և հաստատությունների միջև։

Սիլվիա Բոժինովան Հայաստանի ներգրավվածությունը ծրագրում որակեց որպես «հաջողության պատմություն»՝ ընդգծելով երկրի ստացած արդյունքները և շուրջ ութ միլիոն եվրոյից ավել ֆինանսավորումը նախորդ ժամանակաշրջանում։ Նա նաև նշեց, որ Հայաստանի գիտնականներն այսօր եվրոպական հետազոտական ընտանիքի լիիրավ անդամներ են։

Արամ Պապոյանը իր խոսքում կարևորեց միջգիտակարգային համագործակցության և գիտությունից դեպի նորարարություն անցման խթանումը՝ նշելով, որ հենց այդ սկզբունքներն են «Հորիզոն Եվրոպա»-ի հիմնասյուները։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի մասնակցությամբ հաջողված նախագծեր և նոր հնարավորություններ՝ Նորարարական Եվրոպա ենթածրագրի և առաջիկա դիմումների շրջանակներում։

Այս իրադարձությունը ևս մեկ քայլ էր Հայաստանի գիտական համայնքի եվրոպական հետազոտական տարածքում ամրապնդման և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Leave a Reply