Հայաստանում գործող գիտնականները, գիտական նախագծերի ղեկավարները, պետական և մասնավոր կազմակերպությունների, ՓՄՁ-ների, հետազոտական և տեխնոլոգիական կազմակերպությունների, ՀԿ-ների, համայնքային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերը հրավիրվում են մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպման, որը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության (NEB Facility) 2026թ․ մրցույթներին։
Հանդիպման ընթացքում կներկայացվի Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության ընդհանուր հայեցակարգը, ինչպես նաև 2026–2027 թթ․ «Հորիզոն Եվրոպա» հիմնական աշխատանքային ծրագրում ներառված NEB Facility 2026թ․ մրցութային ուղղություններն ու թեմաները։ Մասնակիցները կծանոթանան մրցույթի հիմնական առաջնահերթություններին, ֆինանսավորման հնարավորություններին, ինչպես նաև կտրամադրվեն գործնական խորհուրդներ հայտադիմումների նախապատրաստման վերաբերյալ։
Բացի այդ, հանդիպման ընթացքում կներկայացվեն Բրյուսելում նախատեսվող առաջիկա բրոքերային միջոցառումները, որոնք նպատակ ունեն աջակցելու մասնակիցներին գտնելու գործընկերներ՝ Նոր Եվրոպական Բաուհաուս 2026թ․ մրցույթների համար արդյունավետ կոնսորցիումներ ձևավորելու գործընթացում։
Միջոցառման մանրամասներ
- Ամսաթիվ՝ 26 փետրվարի 2026
- Ժամ՝ 11:00–13:00 (Երևանի ժամանակով)
- Ձևաչափ՝ Առցանց
- Լեզու՝ Հայերեն
- Մասնակցության պայմաններ՝ Միայն Հայաստանում գործունեություն ծավալող մասնակիցներ
- Գրանցման վերջնաժամկետ՝ 2026թ․ փետրվարի 24 (օրվա ավարտ)
Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության մասին
Նոր Եվրոպական Բաուհաուս (NEB) նախաձեռնությունը նպատակ ունի վերափոխելու եվրոպական բնակավայրերը՝ համատեղելով կայունության, ներառականության ու գեղեցիկի գաղափարը: Նախաձեռնության կողմից ֆինանսավորվող նախագծերը՝ հիմնականում ուղղված լինելով կառուցապատված միջավայրի բարելավումներին, ձգտում են բնակիչներին ևս ներգրավվել այդ ակտիվ փոփոխությունների գործընթացներում: Դրանք ներառում են շինությունների, հանրային կամ քաղաքային տարածքների նախագծումները կամ ձևափոխումները՝ դրանք ավելի կայուն, ներառական և սոցիալապես համախմբված դարձնելու համար, ինչպես նաև առողջության և բարեկեցության բարելավումը՝ նորարարական լուծումների միջոցով, մշակութային ժառանգության, բնական էկոհամակարգերի և ժամանակակից դիզայներական լուծումների ինտեգրումը՝ առավել կանաչ և թվային տնտեսության անցում ապահովելու համար:
NEB Facility (2025–2027)-ն Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության ֆինանսավորման և աջակցության հատուկ գործիքն է։ Այն միջկլաստերային նախաձեռնություն է, որն իրականացվում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հատուկ աշխատանքային ծրագրի միջոցով։ NEB Facility-ն աջակցում է այն նորարար լուծումների մշակմանը և մասշտաբավորմանը, որոնք նպաստում են բնակավայրերի ու համայնքների կայուն, ներառական և գեղագիտական վերափոխմանը։ Այն տրամադրում է ֆինանսական աջակցություն, փորձագիտական առաջնորդություն և համագործակցային հնարավորություններ՝ օգնելով դիմորդներին վերածել իրենց գաղափարները որակյալ և ազդեցիկ նախագծերի։

