Skip to main content

Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրի տեղեկատվական օրը։ COST ծրագիրը ֆինանսավորում է հետազոտական ցանցեր, որոնք կոչվում են COST գործողություններ։ Դրանք միավորում են գիտնականներին և նորարարներին տարբեր ոլորտներից՝ 4 տարվա ընթացքում նախանշված թեմայի շուրջ համագործակցելու նպատակով:

COST ծրագրի տեղեկատվական օրվա միջոցառումը կազմակերպել էին «Նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, COST ասոցիացիան և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության, COST ասոցիացիայի անդամներ, COST ծրագրի շահառուներ, ՀՀ գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ։

COST ազգային համակարգող Տիգրան Արզումանյանն իր բացման խոսքում նշեց, որ տեղեկատվական օրվա նպատակն է ներկայացնել COST ծրագրի հիմնական դրույթները, ծրագրին մասնակցության ընթացակարգը, ֆինանսավորման հնարավորությունները։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը՝ ընդգծելով կապերի հաստատման և գործընկերության նոր հնարավորությունների կարևորությունը, որոնք հասանելի դարձան Հայաստանի հետազոտողներին 2022 թվականին  COST ասոցիացիային անդամակցելու արդյունքում։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ, COST-ի ավագ պաշտոնյաների կոմիտեի անդամ Մարիաննա Սարգսյանը նշեց, որ հետազոտությունների միջազգայնացման գործում մեծ դեր ունեն  «Հորիզոն Եվրոպա» և COST ծրագրերը։ Այս երկու ծրագրերը եզակի հնարավորություն են ընձեռում հետազոտողներին ներգրավվելու բարձրորակ հետազոտական ​​նախագծերում, զարգացնելու իրենց գաղափարներն ու նախագծերը միջազգային հետազոտական ​​ցանցերում երկխոսության և գիտելիքի փոխանակման միջոցով:

COST ծրագիրը ներկայացրին COST ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Զորան Պոպովսկին և  COST քաղաքականության բաժնի ղեկավար Բարթ Վեյսը, անդրադառնալով ծրագրի մասնակցության պայմաններին, հայտադիմումների ներկայաացմանը և ծրագրի արդյունքում ձեռք բերված փորձի կարևորությանը։

Ելույթներ ունեցան COST գործողությունների հայաստանյան մասնակիցները՝ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը,  ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող Անի Պալոյանը և Գենետիկական փորձագիտական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի ղեկավար Աննա Հովհաննիսյանը:

Միջոցառումը, որին ներկա էին Հայաստանի տարբեր կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչ, դրական արձագանքներ ստացավ մասնակիցների կողմից:

Ապրիլի 15-ին և 16-ին COST ասոցիացիայի պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի,  ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանի, ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի և Մատենադարանի տնօրենի տեղակալ Մհեր Թորոսյանի հետ, որոնց շրջանակում քննարկվեցին COST-ի ծրագրերում հայաստանյան շահառուների մասնակցության ակտիվացման և հետագա համագործակցության հեռանկարները։

Leave a Reply