2023թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում անցկացվեց Եվրամիության գիտահետազոտական Հորիզոն Եվրոպա Widening ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (ԳՆԳԱԿ) հիմնադրամը՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել հայ հետազոտական համայնքի իրազեկվածությունը Հորիզոն Եվրոպա ծրագրի և Widening ենթածրագրի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում հասանելի նախագծերի առաջարկների մասնագիտական վերստուգման և բրոքերային միջոցառումների համար նախատեսված ճանապարհորդական դրամաշնորհի սխեմաները՝ խթանելու ծրագրերում հայտերի ներկայացման գործընթացը։
Միջոցառումը բացեց և ներկաներին ողջունեց ԳՆԳԱԿ հիմնադրամի նախագահ Տիգրան Արզումանյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը:
Միջոցառման օրակարգը ներառում էր տեղեկատվություն ՝ NCP_WIDERA.NET նախագծի և նախագծերի առաջարկների մասնագիտական վերստուգման, բրոքերային միջոցառումների համար նախատեսված ճանապարհորդական դրամաշնորհի, Հորիզոն Եվրոպա ծրագրի ընդհանուր նկարագրի և առաջիկա Widening մրցույթների (Twinning, Excellence Hub, ERA Chair և այլն), Funding and Tenders Portal-ի գործառույթների, նախկին նախագծերի լավագույն հաջողված փորձերի և Թվինինգ նախագծի առաջարկներ գրելու խորհուրդների վերաբերյալ։
Ելույթներ ունեցան նաև Հորիզոն 2020 ծրագրի Twinning մրցույթի հաջողված նախագծերի ղեկավարներ՝ Կոնստանտին Ենոքյանը (ԵՊԲՀ) և Դավիթ Հայրապետյանը (ՀՌՀ), ովքեր կիսվեցին COBRAIN և NANOQIQO հաջողված նախագծերի իրենց փորձով և ներկայացրերցին իրականացման արդյունքերը:
Հրավիրյալ փորձագետ՝ Կիպրոսյան CERIDES կենտրոնի ծրագրի գլխավոր ղեկավար Պիերանտոնիոս Փափազօղլուն ներկայացրեց հաջող Twinning նախագծի առաջարկներ գրելու գաղտնիքները։
Տեղեկատվական միջոցառումը, որին ներկա էր շուրջ 70 մասնակից, ամփոփվեց հարցուպատասխանի միջոցով: